ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, ով արդեն 31 օր հացադուլ էր անում։

Հանդիպումից հետո Փաշինյանը գրել է.

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»։

Այսօր ավելի վաղ վարչապետը հեռախոսազրույց էր ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ և նրան խնդրել դադարեցնել հացադուլը:

Նշենք, որ օրերս «Հիմնադիր խորհրդարանի» նախագահին հանդիպել և նման հորդոր էին հնչեցրել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաև Գարեգին Բ կաթողիկոսը:

Նշենք, որ կալանավորված Գարեգին Չուգասզյանին ազատ արձակելու միջնորդությամբ դիմել էին «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը ու Լենա Նազարյանը:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահը 2016թ․-ի հուլիսից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով: