Գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ։ Այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Դավթյանը զբաղեցրել է, մասնավորապես, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի, ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնները։

Հիշեցնենք, որ նա Արցախյան ազատամարտի ժամանակ կռվել է Արցախի հերոս Շահեն Մեղրյանի ջոկատում, այնուհետև՝ Մեղրիում, Կապանում, մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։ Ավարտել է Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։ 1995թ․-ին ընդունվել և 1998թ․-ին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։