ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում որոշվեց, որ Երևանի ավագանիում Ալեն Սիմոնյանին կփոխարինի «Ելք» խմբակցության անդամ Նաիրա Հովհաննիսյանը:

ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ իրենք լիազորություն չունեն որևէ մեկին մանդատից զրկելու և միայն արդեն իսկ արձանագրված ակտի հիման վրա որոշում են կայացնում, թե ով է փոխարինելու մանդատից զրկված անդամին:

Նշենք, որ մայիսի 24-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ դադարեցնելու մասին: Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավորական մանդատ էր ստացել օրեր առաջ՝ փոխարինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դրանից հետո, արդեն մայիսի 22–ին Ալեն Սիմոնյանը դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:

Ըստ մամուլի տեղեկությունների, նա ցանկություն ուներ մանդատը վայր դնելով մնալ Երևանի ավագանու անդամ, ինչը թույլ կտար Տարոն Մարգարյանի հնարավոր հրաժարականի դեպքում՝ առաջադրվել քաղաքապետի թեկնածու: