ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոնդ Մարուքյանը անդրադարձավ արտահերթ ընտրություններին․

«Անհրաժեշտ է համաձայնության հասնել ընդհանուր քաղաքական երկխոսության շրջանակում, ինչի շնորհիվ մեխանիզմ կստեղծվի Ազգային ժողովի լուծարման համար: Իսկ մինչ այդ պետք է հնարավորություն լինի փոխել Ընտրական օրենսգիրքը, ինչը կարելի է անել միայն պատգամավորների 63 ձայնով: Մեզ լայն քաղաքական կոնսենսուս է հարկավոր: ՀՀԿ-ում ասում են, որ նրանց օրակարգում այս հարցը դրված չէ: Այժմ այս թեմայի շուրջ բանակցություններ չեն տարվում», - ասաց Մարուքյանը: Փոխանցում է news.am-ը։

Նա նաև ընդգծեց, որ երբ կոնսենսուս ձեռք բերվի ՀՀԿ-ի հետ, ապա ըստ պատգամավորի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ հնարավոր կլինի անցկացնել աշնանը: