Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակին նվիրված միջազգային համաժողովում հայտարարել է․

«Եթե Հայաստանի ղեկավարությունը առաջարկում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի անջատական ռեժիմի մասնակցությունը, նշանակում է՝ ցանկանում են վերջ դնել խաղաղ գործընթացին»։ Նա հավելել է որ այդ հարցը վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկվել է Փարիզում։ Փոխանցում է «Ազատություն»-ը։

«Ես նաև իրենց ասել եմ, որ նման առաջարկը ծիծաղելի է», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարարը՝ այդպիսով արձագանքելով Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ այսուհետև պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը, հակառակ դեպքում այդ բանակցությունները կիսատ են:

«Բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը», - ասել էր վարչապետ Փաշինյանը:

Իր ելույթում Մամեդյարովը այսօր հայտարարել է նաև, թե Ադրբեջանը «պատրաստ է» հարաբերություններ հաստատել հայերի հետ․

«Ադրբեջանը բարիդրացիության շրջանակներում պատրաստ է հարաբերություններ հաստատել հայերի հետ՝ իհարկե մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո»:

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը պնդել է, թե Բաքուն երբեք չի հրաժարվի երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց և չի զոհաբերի իր ինքնիշխանությունը: