Toyota Motor ճապոնական ավտոարտադրողը պլանավորում է մինչև 2030 թվականը 1,5 տրլն իեն (13,3 մլրդ դոլար) ներդնել էլեկտրաշարժիչով հանդերձված ավտոմեքենաների մարտկոցների մշակման ու արտադրության գործում: Այդ մասին ասված է ընկերության մամուլի տեղեկագրում:

Բացի այդ, 2025 թվականից ընկերությունը կներկայացնի ավտոմեքենաների իր բոլոր մոդելների հիբրիդային կամ էլեկտրական տարբերակները: Այսուհետև չեն մշակվելու այնպիսի ավտոմեքենաներ, որոնք ենթադրում են միայն ներքին այրման շարժիչի առկայություն:

Toyota-ի կանխատեսման համաձայն, 2030 թվականին ընկերությունը տարեկան կվաճառի 5,5 մլն էլեկտրամոբիլներ և հիբրիդներ, ներառյալ 1 մլն մեքենա՝ զրոյական արտանետումներով:

«Մենք մտադիր ենք աշխարհի առաջատարը դառնալ էլեկտրամոբիլների ոլորտում»,-հայտարարել է ընկերության փոխնախագահ Սիգեկի Տերասին: Առաջին նոր էլեկտրամոբիլները կներկայացվեն Չինաստանի շուկայում արդեն 2020 թվականին, այնուհետև դրանք հասանելի կլինեն Ճապոնիայում, Հնդկաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում:

Հավելենք, որ Toyota-ի բաժնետոմսերի արժեքը դեկտեմբերի 18-ին կայացած սակարկություններում բարձրացել է 2,8 տոկոսով, ընկերության կապիտալիզացիան կազմում է 22,7 տրլն իեն (201,8 մլրդ դոլար), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: