Ամերիկյան պատժամիջոցների պատճառով ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկան լքեց «ՌուսԱլ» ընկերության տնօրենների խորհուրդը: Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է հոնկոնգյան բորսայի կայքում:

Նշենք նաև, որ նախօրեին հայտնի դարձավ, որ այդ ընկերության տնօրենների խորհուրդը կլքեն Դերիպասկայի յոթ ներկայացուցիչները՝ այդ թվում արդեն հրաժարական տված «ՌուսԱլ»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բուրիկոն:

«ՌուսԱլ»-ը և ռուս միլիարդատեր Դերիպասկայի հետ առնչվող մի շարք այլ ընկերություններ ամերիկյան պատժամիջոցների տակ են հայտնվել ապրիլի սկզբներին: Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել ռուս 38 պաշտոնյաների, խոշոր գործարարների և ընկերությունների նկատմամբ՝ ի պատասխան ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության:

Պատժամիջոցների հետևանքով մեծապես տուժել են Դերիպասկային պատկանող ընկերությունները՝ կորցնելով միլիարդավոր դոլարներ: Վերջին երկու ամսվա ընթացքում «ՌուսԱլ»-ի բաժնետոմսերի արժեքը գրեթե 50 տոկոսով անկում է արձանագրել: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոստացել է վերանայել պատժամիջոցների չեղարկման հարցը, եթե Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող Դերիպասկայի բաժնեմասը այդ ընկերությունում հասցվի 50 տոկոսից ոչ ավելի: