Բուսաբանական թանգարանում կստեղծվի տարածաշրջանում նմանը չունեցող հնէաբուսաբանական թանգարան, որի բացումը նախատեսվում է մոտ մեկ ամսից: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Բուսաբանական այգու փոխտնօրեն Սահակ Վարդանյանը:

Նա տեղեկացրեց, որ այգին ունի հավաքածու, որը ներառում է միլիոնավոր տարիների հնության քսան հազարից ավելի արժեքավոր նմուշներ, որոնք պահուստային ֆոնդում են գտնվում: Այգու աշխատողը նախաձեռնել է բացել թանգարան բոլորի համար: Վարդանյանն ասաց, որ կան նմուշներ, որոնք բերված են դրսից և ցույց են տալիս, թե մի քանի միլիոն տարի առաջ ինչ բույսեր են աճել:

Այգու գլխավոր գիտաշխատող Գոհար Օգանեզովան հայտնեց, որ ներկայացվելիք նմուշները քարեր են, որոնց վրա դաջվել են բույսերի տերևները, բողբոջները, երբեմն դրանց վրա լինում է ծաղիկը կամ բույսի մի մասը, և դրանք համեմատելով այսօրվա բուսականության հետ, կարելի է հասկանալ այդ տարբերությունը, թե այն ինչպես է փոխվել: