Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորվածին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան արգելող օրինագիծ է մշակվել: Այն տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագիծը մշակել է ՀՀ արդարադատության նախարարությունն ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները վկայում են, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի` կալանավորված անձի տեսակցություններն արգելող որոշումները ոչ միշտ են պատճառաբանված լինում:

«Պաշտպանին հասցեագրվել են նաև բողոքներ այն մասին, որ քրեական վարույթն իրականացնող մարմինն ընդհանրապես համապատասխան որոշում չի կայացրել՝ բավարարվելով միայն կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին գրություն հասցեագրելով: Որոշ դեպքերում էլ քրեական վարույթն իրականացնող մարմինն անհարկի ձգձգում է կամ ընդհանրապես չի քննարկում հիշյալ սահմանափակման հետագա կիրառման անհրաժեշտության հարցը: Այս առումով, արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և մերձավոր ազգականների հետ տեսակցելու իրավունքի իրացման ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պրակտիկայում կալանավորված անձանց վերոնշյալ սահմանադրական իրավունքները չեն ապահովվում, որը, ի թիվս այլնի, պայմանավորված է նաև օրենսդրական թերի և ոչ հստակ կարգավորումներով», - ասվում է նախագծի հիմնավորման մեջ: