ՀՀ կրթության և գիտության նախարարության և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցությամբ մեկնարկած «Նոր սերնդի կրթությունը հարթակի ձևավորումը 1-ին քայլ» բաց միջոցառման ժամանակ իր ելույթում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց․

«Կրթության ոլորտում տարիներ շարունակ վեր են հանվել պրոբլեմները, բայց դրանց լուծումների առումով մենք բավականաչափ խնդիրներ ունենք։

Ցանկանում ենք նոր գաղափարներ ներգրավել, այն էլ բոլոր ոլորտներում՝ մանկապարտեզներից սկսած մինչ հետբուհական կրթություն: Բոլոր օղակներում մենք լուրջագույն խնդիրներ ունենք: Վերջերս ուսումնասիրեցի միջին մասնագիտական ոլորտը, հասկացա, որ այստեղ էլ շատ ենք կաղում, խնդիրները բազմազան են, որոնց լուծումները թույլ կտան կրթությունը կապել աշխատաշուկայի ու նորարարական ուղղությունների հետ», - շեշտեց նախարարը: Փոխանցում է Պանորամա-ն։

Նախարարը շեշտեց, որ իրենց համար առաջնային է դպրոցների, բուհերի ապաքաղաքականացումը, առկա ռեսուրսների ճիշտ բաշխումը:

«ԿԳՆ-ում բյուջեն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ ունենք մեծ քանակությամբ չարդարացված ծախսեր, որոնք զուտ այս կամ այն քաղաքական գործչի, գործադիր կամ օրենսդիր մարմնի աշխատասենյակից արված զանգի արդյունքում ստեղծված ծախերն են: Այդ կերպ ծախսված գումարները հասնում են հարյուրավոր միլիոնների», - հավելեց Արայիկ Հարությունյանը: