Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Նշենք, որ բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Խաչատրյանի մրցույթի նպատակն է բացահայտել երաժշտության բնագավառում տաղանդավոր երիտասարդների։ Եվ 2003թ․-ից սկսած՝ մրցույթը, հավատարիմ իր սկզբունքներին, երաժշտական աշխարհին է նվիրել այժմ արդեն հայտնի կատարողների՝ Ֆյոդր Ռուդին, Միրա Վոպոտիչ, Անդրեյ Իոնիցա, Յարոսլավ Նադրժիցկի և այլք։ Միաժամանակ մրցույթն աշխարհով մեկ հանրահռչակում է Արամ Խաչատրյանի արվեստը, Հայաստանն ու հայկական մշակույթը։ Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան եկած մասնակիցները, երաժշտական այս ստուգատեսի շրջանակներում, սովորելով Խաչատրյանի գործերը, հետագայում դրանք ներկայացնում են տարբեր բեմերում, տարբեր նվագախմբերի նվագակցությամբ։

Խաչատրյանի մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։ Խաչատրյանի միջազգային մրցույթը 2013թ․-ից Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։