Ապարան քաղաքի հրապարակում այս պահին արդեն մեկնարկել են Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված միջոցառումները:

Հրապարակում մեծ թվով բնակչություն է հավաքվել, միջոցառումներին մասնակցելու է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այստեղ են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանը, Հայկ Կոնջորյանը: Քիչ առաջ ժամանեցին նաև ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և «Ծառուկյան» խմբակցությունից Նապոլեոն Ազիզյանը: Այստեղ է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նախատեսվում է քաղաքի հրապարակից երթ դեպի Բաշ Ապարանի հերոսամարտին նվիրված հուշարձան, որից հետո տոնական համերգ է տեղի ունենալու:

Այս տարի լրանում է Մայիսյան փառահեղ հաղթանակները արձանագրած հերոսամարտերի 100-ամյակը: Այս կապակցությամբ, Ապարանում իրականացվել են շինարարական լայնածավալ աշխատանքներ. բարեկարգվել են փողոցները, տեղադրվել են նոր լուսասյուներ, կատարվել են կանաչապատման և ծառատնկման մեծածավալ աշխատանքներ:

Հիշեցնենք, որ ուղիղ 100 տարի առաջ թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հազար մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանվածներ, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք:

Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:

Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի (1979 թ.) մոտ 2000թ․-ի մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը: