Իռլանդիայում՝ ուրբաթ օրը անց է կացվել հանրաքվե, որի արդյունքներով իռլանդացիների երկու երրորդը կողմ է հանդես եկել աբորտների օրինականացմանը։ Աբորտների իրավունքի ընդլայնմանը կողմ է հանդես եկել 66,4 տոկոսը, ստատուս քվոյի պահպանման օգտին են քվեարկել 33,6 տոկոսը։ Մասնակցությունը հանրաքվեին կազմել է 64,13 տոկոս։

Հիշեցնենք, որ 1983թ․-ից աբորտները արգելվել էին այստեղ և արվում էին միայն հազվադեպ դեպքերում, եթե կնոջ կյանքին լուրջ վտանգ էր սպառնում։ Բռնաբարության արդյունքում հղիությունը բավարար պատճառ չէր պտղի հեռացման համար։ Այդ պատճառով շատ կանայք ստիպված էին լինում մեկնել արտասահման այդ վիրահատության համար։

Այժմ Իռլանդիայի խորհրդարանը մոտակա մի քանի ամիսների ընթացքում պետք է նոր օրենք պատրաստի աբորտների մասին։ Կանանց թույլ կտրվի ընդհատել մինչև 12 շաբաթական հղիությունը, իսկ ավելի ուշ կարելի է կյանքին սպառնացող վտանգի դեպքում։