Կրթության և գիտության նախարարությունը առաջարկում է գիտության ոլորտում նվաճումներ ունեցած զորակոչիկներին տարկետում տրամադրելու չափանիշները մեղմացնել: ԿԳՆ-ն արդիական է համարում հայրենադարձության նպատակով դրսում բնակվող և իրենց հաշվին լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին տարկետում տալու հարցը: ԿԳՆ-ն ցանկանում է իջեցնել տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները` մագիստրոսների դեպքում` 70-ից մինչև 60, իսկ ասպիրանտների դեպքում՝ 80-ից մինչև 65 միավոր: Օրինագիծը հրապարակվել է e-draft.am կայքում:

Ապրիլի 12-ին ՀՀ կառավարությունը ընդունել էր օրինագիծ, որով սահմանվում են գիտության ոլորտում նվաճումներ ունեցած զորակոչիկներին տարկետում տրամադրելու կարգը, չափանիշները և մեթոդաբանությունը: Այս պահին գործող օրենսդրությամբ մագիստրոսները տարկետման են հավակնում առնվազն 70, իսկ ասպիրանտները՝ առնվազն 80 միավոր հավաքելու դեպքում:

Փաստաթղթում նշվում է, որ փոփոխությունները նպատակ ունեն հնարավորություն տալ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի ներդրում ունեցող քաղաքացիներին անընդմեջ զբաղվել իրենց գործունեությամբ: Օրինագծի «ընթացիկ իրավիճակը և խնդիրները» բաժնում նշվում է, որ արդիական է օտարերկրյա բուհերում սովորողներին տարկետում տրամադրելու խնդիրը: Որպես պատճառ նշվում են.

• որոշ ոլորտներում որակյալ մասնագետների բացակայությունը,
• հայրենադարձության՝ Հայաստանի համար կարևոր առաջնահերթությունը:

«Արտերկրում բնակվող և այնտեղ կրթություն ստացող ՀՀ քաղաքացիների համար հայրենադարձության համար բարենպաստ պայմանների շարքում է նաև վերջիններիս կողմից արտասահմանյան համալսարաններում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծման հանգամանքը:

Հաշվի առնելով վերը նշվածը, տարկետման տրամադրումը աշխարհի լավագույն բուհերում բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունված և ուսման համար անհրաժեշտ ֆինանսավորումն ապահոված ուսանողներին՝ հետագայում հնարավորություն կընձեռի ուսման ավարտից հետո վերադառնալու Հայաստան և գիտելիքները ներդնելու երկրի զարգացման գործում»: