«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը կոչ է անում ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին դասադուլ և գործադուլ սկսել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացման, Ուսանողական խորհրդի գործունեության կասեցման պահանջով։

Այս առնչությամբ, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է «ԵՊՀ Ռեստարտ»-ի հայտարարությունը.

«Հաշվի առնելով Մայր բուհի բազմաթիվ խնդիրները՝ կրթության ցածր որակ, կենցաղային ոչ արժանապատիվ պայմաններ, ֆինանսների անարդյունավետ օգտագործում, ակադեմիական միջավայրի բացակայություն, դասախոսների և ուսանողների հետապնդումները քաղաքական հայացքների համար, բուհի և նրա մի շարք կառույցների կուսակցականացվածությունը,

Հաշվի առնելով բազմաթիվ ուսանողների և դասախոսների բողոքները, ինչպես նաև համալսարանում ուսանողների և դասախոսների շահերը պաշտպանող երկու կառույցների՝ ՈՒԽ-ների և արհմիության գործունեության ցածր արդյունավետությունը՝

ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնությունը կոչ է անում երեքշաբթի օրը՝ ժամը 11:00, ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին սկսել դասադուլ և գործադուլ հետևյալ պահաջներով:

1. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական

2. Հոգաբարձուների խորհրդի լուծարում

3. Ֆինանսական աուդիտի անցկացում

4. ՈՒԽ-ի և արհմիության գործունեության կասեցում:

Հայաստանում տեղի է ունեցել Թավշյա հեղափոխություն, Հայաստանում տեղի է ունեցել մշակույթի և մտքի հեղափոխություն, և ԵՊՀ-ում տիրող և՛ մթնոլորտը, և՛ իրավիճակը չեն համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներին և արժեքներին:
Համապատասխանեցումը շատ արագ պետք է իրականացվի:

Կեցցե՛ ազատ, անկախ ուսանողը, կեցցե՛ ազատ, անկախ դասախոսը, կեցցե՛ ազատ, անկախ ԵՊՀ-ն»:

Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով գրառում է կատարել նաև ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանը: