Բաշ-Ապարանի հերոսամարտի հարյուրամյա տոնակատարությունների առիթով ապարանցիների և բազմաթիվ հյուրերի համար անակնկալ էր պատրաստվել՝ հսկայական տորթ՝ ռազմադաշտի պատկերով:

Տորթի վրա Հայաստանի Հանրապետության եռագույնն էր պատկերված, զինվորների, գյուղացիների կերպարներով տիկնիկներ և բազմաթիվ այլ ատրիբուտներ: Տորթից բացի՝ հյուրերի համար անվճար հյուրասիրություն էր կազմակերպվել: Հսկայական տորթի գաղափարն Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանինն էր:

Նշենք, որ այս տարի լրանում է Մայիսյան փառահեղ հաղթանակները արձանագրած հերոսամարտերի 100-ամյակը: Այս կապակցությամբ, Ապարանում իրականացվել են շինարարական լայնածավալ աշխատանքներ. բարեկարգվել են փողոցները, տեղադրվել են նոր լուսասյուներ, կատարվել են կանաչապատման և ծառատնկման մեծածավալ աշխատանքներ:

Հիշեցնենք, որ ուղիղ 100 տարի առաջ թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հազար մարդ) է տեղափոխել Բաշ-Ապարան:

Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ-Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ-Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ-Ապարանից արևմուտք:

Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:

Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի (1979 թ.) մոտ 2000թ․-ի մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը: