Այսօր՝ մայիսի 27-ին, Ապարանում լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց․

«Ես անհնար եմ համարում բիզնեսի և քաղաքականության սերտաճումը, հետևաբար դրանք պետք է հստակ տարանջատվեն։

Կարծում եմ, որ բիզնես միջավայրի ներկայացուցիչները, ովքեր նախկինում եղել են քաղաքականության մեջ, այժմ ընդունում են նոր խաղի կանոնները: Ամեն դեպքում որևէ գործարար չպետք է զբաղվի քաղաքականությամբ, դա շատ հստակ է», - ասաց նա:

Նշենք, որ Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիրից իջնելիս Ավինյանի հետ զրուցում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը:

Լրագրողների հարցին, թե ի՞նչ էին քննարկում, փոխվարչապետը պատասխանեց, որ նաև այդ խնդրի շուրջ էին խոսում:

Տիգրան Ավինյանը նաև հավելեց, որ Հայաստանում մթնոլորտի փոփոխություն է տեղի ունեցել, դա արձանագրված փաստ է և ինստիտուցիոնալ զարգացումն իրենց ուղենիշն է, որով իրենք շարժվում են առաջ: