Լոռու մարզի Դեբետ համայնքում այսօր՝ մայիսի 27-ին, այս պահին ընթանում է «ՍՄԱՐԹ» կրթական կենտրոնի բացումը, որում 5 մլն դոլարի ներդրում է արվել:

Այն գտնվում է Դսեղ և Դեբեդ գյուղերի խաչմերուկում: ՍՄԱՐԹ-ը տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոններից տարբերվելու է իր ծրագրերով, որտեղ սովորողների տարիքային սահմանափակում չի լինելու:

Տեղեկացնենք, որ Լոռու ՍՄԱՐԹ կրթական կենտրոնը եռաթև շինություն է: Այն ունենալու է կրթության այլընտրանաքային տարբերակ, այստեղ լինելու են լսարաններ ծնողների և մեծահասակների համար, ինչպես նաև սենյակներ փոքրերի համար: Կենտրոնի հիմնական ողնաշարը, ինչպես իրենք են ասում, համակարգչային սենյակն է: ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրային թևում լինելու է ռոբոտաշինության, արհեստների ու արվեստների կենտրոնը, առողջապահական կրթական կենտրոնն ու մանկան զարգացման սենյակը: Գոտիներից մեկում առանձնացված է սմարթ գրադարանը, որը բոլոր ծրագրերի իրականացման կապող օղակն է լինելու:

ՍՄԱՐԹ ծրագրերն ընդգրկում են նաև կոդավորում, ծրագրավորում, երաժշտական տեսահոլովակների ստեղծում: ՍՄԱՐԹ կրթական կենտրոնում կլինի հյուրատուն՝ փորձագետների համար, իսկ մասնագետները կվերապատրաստվեն տեղում: ՍՄԱՐԹ-ի կառույցը բաղկացած է երկու մասից՝ ՍՄԱՐԹ կենտրոն (2230քմ) և ՍՄԱՐԹ ավան (20 հա), որտեղ տեղակայված են սենյակներ՝ հյուրերի համար. կարող է օրական 250 մարդու ծառայել։

ՍՄԱՐԹ կրթական կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Նշենք, որ Կենտրոնի կառուցումն ու գործարկումը ֆինանսավորել է ամերիկահայ ձեռներեց, «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» հիմնադիր Գարո Արմենը։ Նշենք, որ նա դեռ 2017թ․-ի սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում 20 ՍՄԱՐԹ կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է 200 մլն դոլար.

«Հայեր կան, ում համար սա մեծ գումար չէ», - նշել էր Գարո Արմենը: