Այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ պետական վերահսկողության ծառայության նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանը խոսեց իր ղեկավարած կառույցի սպասվելիք աշխատանքների մասին․

«ՀՀ պետական վերահսկողության ծառայությունն իր առաջին ստուգումները կսկսի բուհերից: Առաջիններից մեկը լինելու է Երևանի պետական համալսարանն ու պետական այլ բուհեր, բայց չեմ ասի, թե որն է լինելու առաջինը: Այս ամենը որոշելու ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ», - ասաց Սանասարյանը՝ հավելելով, որ այս ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հեղափոխության ժամանակ շատ ակտիվ են եղել ուսանողները և նրանք առաջիններից մեկը պետք է զգան հեղափոխության արդյունքները: Փոխանցում է news.am-ը։

Նա տեղեկացրեց, որ դիմել է հանրությանը՝ հարցնելով, թե որ ոլորտներից կցանկանային, որ իր աշխատանքը սկսեր իր ղեկավարած կառույցը:

«Արվելու է ամեն ինչ, որ պետական համակարգի հիվանդ մարմիններն ուղղակի դուրս գան համակարգից: Ես իմ կյանքով եմ ցույց տվել, որ հետևողական եմ», - նշեց Սանասարյանը: