ԱՄՆ Կոնգրեսի Սենատը նիստի ժամանակ ընդունել է վերջին 30 տարիների ընթացքում հարկային բարեփոխումների ամենախոշոր օրինագիծը, որը ավելի վաղ խոստացել էր նախագահ Դոնալդ Թրամփը: Նախաձեռնությունը արդեն իսկ հաստատվել է անհրաժեշտ թվով սենատորների կողմից, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Սա նախագիծ է, որը ավելի վաղ համաձայնեցվել էր Կոնգրեսի երկու պալատների կողմից, իսկ դեկտեմբերի 19-ին փաստաթուղթը հաստատվել էր Ներկայացուցիչների պալատի կողմից: Այնուամենայնիվ, Կոնգրեսը դեռ չի ավարտել աշխատանքները  բարեփոխումների ուղղությամբ. երեկոյան պարզ դարձավ, որ փաստաթուղթը մշակելիս որոշ ֆորմալ սխալներ են եղել: Սենատը ստիպված էր անմիջապես ուղղումներ կատարել՝ մի փոքր շտկելով տեքստը, ուստի Ստորին պալատը դեկտեմբերի 20-ին կրկին ստիպված կլինի քվեարկել:

Նախաձեռնությունը նախատեսում է բիզնեսի համար հարկային դրույքաչափի կրճատում՝ ներկայիս 35% -ից մինչև 21%: Նորմը պետք է ուժի մեջ մտնի 2018 թվականին:

Բացի դրանից, փոխվում է սովորական ամերիկացիների համար հարկման սանդղակը: Այսպես, 10%, 15%, 25%, 28%, 33%, 35% և 39.6% հարկերի փոխարեն`10%, 12%, 22%, 24%, 32%, 35% և 37%:

 Այնուամենայնիվ, բնակչության համար կանոնադրական զիջումներից շատերը ժամանակավոր բնույթ են կրում: