Սարդարապատի հուշահամալիրում մայիսի 28-ին կայացել է Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումը, ինչպես նաև զորահանդես։

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի զինծառայողներն առաջին անգամ մասնակցել են Առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի 100-ամյակի տոնակատարությանը նվիրված զորահանդեսին:

Արմավիրում «Սարդարապատ» հուշահամալիրում մեկ շարասյունով անցել են 2 երկրների ուժային կառույցների շքերթի հաշվարկները, որից հետո զոհված մարտիկների հուշասյան մոտ ծաղիկներ և ծղկեպսակներ են դրել: Առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի 100-ամյակի տոնակատարությանը նվիրված զորահանդեսին մասնակցել է նաև Գյումրիի և Երևանի զինվորական կայազորի ՀՌՕ մոտ 200 զինծառայող: Ներկայացվեցին Սարդարապատի հերոսամարտերին մասնակցած ստորաբաժանումներն ու ժոկատները, այդ թվում հեծելազորը, նրանց հաջորդեցին Արցախյան ազատամարտի մասնակիցները, այդ թվում կամավորական ջոկատները, իսկ վերջում նաեւ ապրիլյան պատերազմի մասնակից երիտասարդ երկրապահները: Զորահանդեսի մեկնարկին օդ բարձրացան «Սու-25» գրոհայինները, որոնք տպավորիչ թռիչքով օդում պատկերեցին Հայոց եռագույնը:

Հանդիսավոր միջոցառումն ավարտվել է տոնական համերգով, ինչպես նաև հայկական ազգագրության ու ազատագրական պայքարի պատմության թանգարան այցելությամբ:

Առաջին անգամ է, որ նման բեմադրությամբ ցուցադրվում է հայկական բանակի անցած 100-ամյա ուղին:

Նշենք, որ նախքան զորահանդեսի մեկնարկը Հայաստանի ու Արցախի ղեկավարությանը ներկայացվեց ռազմական տեխնիկա, որը եղել է Հայաստանի սպառազինության մեջ անցած 100 տարիների տարբեր ժամանակահատվածներում, 1918 թ․ պատմական իրադարձություններից սկսած մինչև մեր օրերը։ Գնդացիրներ ու առաջին համաշխարհային պատերազմի և Առաջին Հանրապետության ժամանակաշրջանի զինատեսակներ։

Տ-34 տանկը, ինքնագնաց հրետանային սարքավորումներ, «Կատյուշան» Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն են եղել։ Կողքին ժամանակակից զինատեսակներ են՝ «Տոչկա-Ու», «Կորնետ», «Կոնկուրս» , ՌԴ-ում միջազգային մրցույթի ժամանակ շահած «Տ-90» տանկը, ամենաժամանակակից զինատեսակներից մեկը՝ «Սմերչ»։