Այսօր՝ մայիսի 29-ին, Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանին ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը նշել է․

«Հաճախ հանդիպում ենք դեպքերի, երբ հանձնարարականներին տրվում են լայն, ստեղծագործական մեկնաբանություններ, որոնք ընդհանրապես կապ չունեն խնդրի էության հետ:

Մեր քաղաքական հայտարարությունները նույնպես հաճախ, կամ երբեմն սխալ են մեկնաբանվում: Մասնավորապես, այն, ինչ մենք ասել ենք, ասում ենք և կշարունակենք ասել, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու. շատերը դա մեկնաբանում են որպես «կանաչ լույս» հին ավանդույթների շարունակության համար: Այս արձանագրումը շատ կարևոր է. մենք իրականացրել ենք սիրո և համերաշխության հեղափոխություն, բայց եթե որևէ մեկը մեր այս դիրքը կփորձի մեկնաբանել որպես թուլություն, նա կզգա այդ հեղափոխության, պետության և օրենքի ուժը: Այսինքն՝ որևէ մեկը հանկարծ չփորձի մեր պոզիտիվիզմը մեկնաբանել որպես թուլություն: Սա շատ կարևոր արձանագրում է, և որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը՝ փորձելու համար՝ արդյոք այս կեցվածքը կարող է որևէ կերպ նշանակել թուլություն և հանդուրժողականություն որևէ ապօրինի երևույթի նկատմամբ», - ասել է վարչապետը: Փոխանցում է news.am-ը։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ բոլոր նրանց, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունը և նրա ժողովրդին պահել կոռուպցիայի, ամենաթողության, ապօրինությունների ճահիճի մեջ, սպասում է ջախջախիչ հակահարված:

«Պետական վերահսկողական ծառայությունը նույնպես պետք է այս մթնոլորտն ապահովի: Բայց մյուս կողմից ես չեմ ուզում, որ մենք ընկնենք մյուս ծայրահեղության մեջ և այսպես ասած «տեռորի» մթնոլորտ ապահովենք: Ցավում եմ, որ ստիպված եմ այս բաներն ասել, որովհետև սիրո և համերաշխության տրամաբանությունը, մեր պոզիտիվիզմը և մեր լայն ժպիտները ոմանք փորձում են մեկնաբանել որպես թուլություն, որպես պոտենցիալ թուլություն: Կարծում եմ, որ դա ծիծաղելի է: Մենք պետք է հստակ մեր նպատակները ձևակերպենք և արագ ու արդյունավետ, առանց շտապողականության և չմտածված քայլերի իրագործենք», - ասել է վարչապետը՝ հաջողություն մաղթելով Պետական վերահսկողական ծառայությանը: