ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ժամանակ է տվել խոշոր հարկ վճարող ընկերություններին օրենքի դաշտ վերադառնալու և օրենքով սահմանված կարգով ՀԴՄ-ներ տրամադրելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում անցկացված ստուգումների մասին լուրերին:

Անանյանը նշել է, որ հանդիպել է ցանցային առևտրով զբաղվող 10-12 պատասխանատուների հետ ու քննարկել հարցը:

«Մենք ուղղակի ասել ենք, որ նախկին համաձայնությունները չեն գործում, և շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակում ՀԴՄ-ների տրամադրման պրոցեսին։ Մի քանի օր ժամանակ ենք նրանց տվել, որ ծրագրային իրենց խնդիրները կարգավորեն», - նշել է ՊԵԿ նախագահը։ Նա նաև տեղեկացրել է, որ ստուգումներ անձամբ իրենք չեն իրականացնում և ՊԵԿ-ն ԱԱԾ գործընկերներին տեղեկացրել է, թե նախկինում ինչ պայմանավորվածություններ են եղել, որոնք այս պահին չեն գործում։

Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվել, որ ՀՀ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականցրել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևանի Սիթի» սուպերմարկետների ցանցում: