ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու են տարիներ շարունակ հարյուրավոր միլիոն դրամներ փոխանցել Երիտասարդական հիմնադրամին, որի նախագահը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն է:

Նա նշեց, որ որ դեռ 2001թ․-ից այդ պրակտիկան կա.

«Եղել է պայմանավորվածություն ինձնից առաջ: 2001թ․-ին, այն ժամանակվա նախագահի (Ռոբերտ Քոչարյան) և ռեկտորների միջև, որ որպեսզի արտաբյուջեից ավելացված արժեքի 20 տոկոսը չվճարեն բուհերը, 2 տոկոսը փոխանցեն Երիտասարդական հիմնադրամին: 18 տոկոս այստեղ շահում ես, պարզ հաշվարկ է: Իսկ եթե լիներ օրենք, որ 20 տոկոսը պետք է վճարեն ԱԱՀ, դա բեռ կլիներ բոլոր բուհերի համար: Ինձնից առաջ էլ է վճարվել, ես էլ եմ վճարել», - ասաց Արամ Սիմոնյանը:

Նա նշեց, որ այդ վճարման 50 տոկոսը այս կամ այն ծրագրերի ձևով վերադարձվել է բուհին:

«Այս տարի հունվարին 25 մլն դրամը փոխանցել ենք, որից 15 մլն-ը հետ է եկել ուսման զեղչերի ձևով: Մնացած մասը չենք փոխանցել և հիմա դա որպես պարգև բաժանելու ենք աշխատողներին՝ իրենց աշխատավարձի 50 տոկոսի չափով», - հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ ԿԳ նոր նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ այլևս բուհերը չպետք է գումարներ փոխանցել այդ հիմնադրամին: