Այսօր ԵՊՀ-ում համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ցուցարար ուսանողները թույլ չէին տալիս ռեկտորին դուրս գալ գիտխորհրդի դահլիճից հայտարարել է․

«Սա դեմոկրատիա չէ, սա հաշվեհարդար է, այդ թվում քաղաքական գաղափարների և քաղաքական կուսակցության պատկանելու համար: Համալսարանն ազատ տարածք է, բայց ոչ բռնության տարածք: Ես ռեկտոր եղած ողջ ժամանակաշրջանում երբեք բռնություն չեմ գործադրել, բայց այսօր իմ նկատմամբ կիրառվեց բռնություն: Սա ես համարում եմ անթույլատրելի երևույթ: Սա դեմոկրատիա չէ, սա հաշվեհարդար է, այդ թվում քաղաքական գաղափարների և քաղաքական կուսակցության պատկանելու համար:

Ուսանողները չգիտեն, թե ինչ է կատարվել համալսարանում: Իրենք ունեն քաղաքական գիծ, որը իրականացնում են: Ես բռնության միջոցով ոչ մի բանի չեմ գնալու, ես կարող եմ անել միայն կամավոր», - ասաց ԵՊՀ ռեկտորը: Փոխանցում է news.am-ը։

Մինչ այդ նա նշել էր, որ հավաքված ուսանողները ընդամենը 150-200 հոգի են, սակայն ուսանողների թիվը հասնում է 17 հազարի:

Հիշեցնենք, որ այսօր՝ կեսօրին ցուցարար ուսանողները շրջափակել էին ռեկտորի աշխատասենյակը՝ պահանջելով նրա հրաժարականը, հայտարարում էին, որ չեն հեռանալու, մինչև Արամ Սիմոնյանը հրաժարական չներկայացնի:

Մինչ այդ Արամ Սիմոնյանը հանդիպում էր ունեցել ուսանողների հետ, որի ժամանակ նշել էր, որ ուսանողների պահանջը իրավաչափ չէ։ «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ ուսանողները հայտարարել էին, որ կմնան ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում այնքան ժամանակ, մինչև Արամ Սիմոնյանը հրաժարական տա: ԵՊՀ ռեկտորն էլ արձագանքել էր, որ ուսանողները կարող են մնալ, սակայն ինքը հեռանում է դահլիճից: Սակայն ուսանողները փակեցին նրա ճանապարհը՝ նստելով ելքի հատվածում:

«Սա բացահայտ բռնություն է իմ նկատմամբ և ես իրավունք ունեմ ինքս էլ բռնությանը բռնությամբ պատասխանել և անցնել», -ասաց Արամ Սիմոնյանը: Տեսնելով, որ նրա ինքնազգացողությունը լավ չէ, ուսանողները թույլ տվեցին նրան անցնել:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 29-ի առավոտից բողոքի ակցիա է ընթացել ԵՊՀ-ում: մասնավորապես, «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ ուսանողները դասադուլ են հայտարարել և մի քանի պահանջ են առաջ քաշել՝ ռեկտորի հրաժարական, բուհի հոգաբարձուների խորհրդի լուծարում, համալսարանում աուդիտի անցկացում, ուսանողական խորհդրի և Արհմիության լուծարում: