Մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը հայտնեց սպասվող համերգների մասին․

«Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը օպերային ներկայացումներով կհյուրընկալվի Ռուսաստանում, Դուբայում, Քուվեյթում և այլ երկրներում:

Օրերս հրավեր ենք ստացել «Գայանե» բալետը ներկայացնել Մեծ թատրոնի բեմում. մեզ հետ կտանենք նաև Մինաս Ավետիսյանի վրձնով ստեղծված բոլոր դեկորացիաները: Շեշտեմ, որ դա շատ նշանակալի և կարևոր իրադարձություն, քանի որ մեր բալետի թատերախումբը հանդես չի եկել Մեծ թատրոնում 1975թ․-ից ի վեր», - նշեց նա: Փոխանցում է «Արմենպրես»-ը։

«Սեպտեմբերին Դուբայի օպերային թատրոնում ցուցադրելու են «Կարմեն» օպերայի արդիականացված տարբերակը և «Կախարդական ֆլեյտա»-ի նոր բեմադրությունը:

Սեպտեմբերի վերջում կմեկնենք Քուվեյթ, որպեսզի օպերային ներկայացմամբ հանդես գանք այնտեղի նոր կառուցված օպերայի շենքում: Կներկայացնենք «Կախարդական ֆլեյտա»-ի առաջին բեմադրությունը մեր հրաշալի արտիստների կատարմամբ», - ընդգծեց Կոնստանտին Օրբելյանը: Նա հավելեց, որ Ա. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կհամագործակցի Վիլնյուսի, Բրյուսելի, Իտալիայի, Ֆրանսիայի օպերային թատրոնների հետ: