Ավստրիայում ՀՀ դեսպանությունը Վիեննայի Մխիթարյան միաբանության վանքում կազմակերպել է Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա են եղել Ավստրիայի խորհրդարանի պատգամավորներ, արտաքին գործերի և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ավստրիայում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ, ավստրիացի հասարակական, մշակութային ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ, Մխիթարյան Միաբանության ու Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, ավստրիահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման պաշտոնական մասը բացվել է Մխիթարյան միաբանության թանգարանում գրեթե մեկ դար պահպանվող Հայաստանի Հանրապետության դրոշի մեծարման արարողությամբ: Ապա Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանի և Մխիթարյան միաբանության աբբահայր Պողոս արքեպիսկոպոս Կոջանյանի գլխավորությամբ հոգևոր դասի մատուցմամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության համատեղ օրհնության արարողություն:

Պաշտոնական ելույթներից հետո հնչել են հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների գործերը՝ Վիեննայում համերգներով գտնվող Հայաստանի պատանի երաժիշտների կատարմամբ:

Միջոցառման ավարտին Ավստրիայում ՀՀ դեսպանության հյուրերի համար տրվել է պաշտոնական ընդունելություն: Այնուհետև հյուրերը հնարավորություն են ունեցել առաջին անգամ ծանոթանալու Հայաստանի Հանրապետության 100-ամյակի առթիվ Մխիթարյան միաբանության թանգարանում դեսպանության կողմից կազմակերպած «Հայաստան-Ավստրիա՝ պաշտոնական շփումներ 1918-1921թթ.» ցուցահանդեսի նյութերին: