Դեկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի է ունեցել Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի մասնաճյուղի բացման հանդիսացոր արարողությունը:  

Բացման արարողությանը մասնակցել են ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության («Ռոսսոտրուդնիչեստվո») գործերով Դաշնային գործակալության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար  Ալեքսեյ Ֆրոլովը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Հայաստանում (Երևան) Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, 2 երկրների մի շարք գերատեսչությունների և նախարարությունների ներկայացուցիչներ:

Նշենք, որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի և նրա արտասահմանյան հաստատությունների գործունեությունն ուղղված է միջազգային հումանիտար համագործակցության պետական քաղաքականության իրականացմանը, արտասահմանում ժամանակակից Ռուսաստանի մասին օբյեկտիվ պատկերացման տարածմանը նպաստելուն: Ներկայումս «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն 96 ներկայացուցչություններով ներկայացված է աշխարհի 81 երկրներում. Ռուսական գիտության և մշակույթի 72 կենտրոն կա 62 երկրում, դեսպանատների կազմում Գործակալության 24 ներկայացուցիչ՝ 22 երկրում:

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեության առաջնահերթ ուղղությունն է ԱՊՀ երկրները, որոնցից յուրաքանչյուրում կա ռուսական գիտության և մշակույթի կենտրոն: