Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր, Դիարբեքիրից պատգամավորի թեկնածու առաջադրված Կարո Փայլյանը հարցազրույց է տվել Akunq.net-ի Դիարբեքիրի թղթակից Կարոտ Սասունյանին։

Կարո Փայլյանը պատասխանելով հարցին, թե նախկինում պատգամավոր է առաջադրվել Ստամբուլից, ինչն է պատճառը, որ այս անգամ ներկայացված է Դիարբեքիրից, նշել է․

«Ինչպես գիտեք, ներկայում Թուրքիայում մնացած հայերի, հույների, ասորիների և հրեաների մեծ մասը բնակվում է Ստամբուլում: Սակայն Անատոլիայում ևս, բնականաբար, դեռ շատ, թերևս` հարյուր հազարավոր մարդ կա, ով իրեն հայ է համարում, բայց նրանց մասին առանձնապես տեղյակ չեն Թուրքիայում: Ես թեև հիմնականում Ստամբուլից եմ պատգամավոր ընտրվել, սակայն աշխատել եմ ոչ միայն Կ.Պոլսի, այլ նաև` ամբողջ Թուրքիայի, մինչև իսկ` համայն հայության շահերի համար: Իրականում ես արմատներով Մալաթիայից եմ և ինձ միշտ մալաթիացի եմ զգացել: Դիարբեքիրում ևս տարիներ շարունակ աշխատել եմ: Պայքարել եմ Դիարբեքիրի բազմաթիվ մշակույթները պահպանելու համար: Այդ իմաստով, հպարտ եմ, որ պիտի հանդես գամ որպես Դիարբեքիրի պատգամավոր»:

Հարցին, թե Ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի ներկայիս քաղաքական վիճակը, պատասխանել է․

«Ներկայում Թուրքիան կարևոր խաչմերուկում է գտնվում: Տարիներ շարունակ միանձնյա իշխանության համակարգը աշխատում է մեզ լռեցնել և հիմա էլ իր բոլոր արարքները հանգեցնում է ընտրության: Ասում է` այս ամենին այո՞ եք ասելու, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ Թուրքիայի հասարակությունը «Ոչ» կասի միանձնյա կառավարության այս համակարգին: Քանզի հանրաքվեի ժամանակ այդ խնդիրը լիովին չէր հասկացվել, սակայն հիմա տեսանք, թե իրականում ինչ է նշանակում միանձնյա կառավարության համակարգ. բոլորը տեսան, որ քաղաքական ճգնաժամն իրականում նաև տնտեսական ճգնաժամ է: Եվ այդ առումով, կարծում եմ, որ մեր հանրությունը հունիսի 24-ին «Ոչ» կասի այդ ռեժիմին: Պետք է կանգնեցնենք այդ միանձնյա բռնապետությունը»:

Հարցին, թե ի՞նչ քաղաքականություն է վարելու Հայկական հարցի ուղղությամբ, պարզաբանել է․

«Իմ կուսակցության` Հայկական հարցի և, ընդհանրապես, բոլոր ժողովուրդների խնդիրների ուղղությամբ քաղաքականությունն ու դիրքորոշումը հստակ է. թե բոլոր ժողովուրդների` անցյալում ենթարկված ցեղասպանությունների և կոտորածների հետ առերեսվել, և թե ներկայիս քաղաքականության առումով` հավասարության սկզբունքի վրա հիմնված մի կենսակերպ հաստատել: Մեր պայքարը հենց այդ ուղղությամբ է տարվում: Այս հարցում իմ կուսակցությունը ոչ մի «բայց» կամ «սակայն» չունի: Կուսակցությունս վարում է բոլոր ժողովուրդների եղբայրությունն ու հավասարությունը հաստատելու և անցյալի հետ առերեսվելու քաղաքականություն, որը շարունակելու ենք նաև հետագայում»:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Թուրքիայում փոքրամասնությունների առնչությամբ ներկայում տեղի ունեցող գործընթացները, նշել է․

«Մինչ վերջերս, երբ Թուրքիայում սկսել էին քայլեր անել` ժողովրդավարության և ժողովրդավարացման ուղղությամբ, փոքրամասնությունները ևս սկսել էին լռությունը խախտելով` իրենց իրավունքները պահանջել: Սակայն հատկապես քրդական հարցի ուղղությամբ դրսևորված խիստ կեցվածքի հետևանքով փոքրամասնությունները վերստին վերադարձան լռություն պահպանելու դիրքորոշմանը: Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը կապված է ընդհանուր քաղաքական մթնոլորտի բնականոնացման հետ: Այդ առումով կենսական նշանակություն ունեն հունիսի 24-ի ընտրությունները: Ես բոլոր փոքրամասնությունների և մեծամասնության ներկայացուցիչներին կոչ եմ անում նրբազգացություն ցուցաբերել այս հարցի նկատմամբ: Եթե չենք ցանկանում նորից նույն լռությանը վերադառնալ, մեր ձայնը բարձրացնենք հունիսի 24-ի ընտրություններում»:

Լրագրողի հարցին, թե Արևմտյան Հայաստանում կան նաև մեծ թվով ծպտյալ և իսլամացված հայեր: Փայլյանը ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին և արդյոք նրա կողմից որևէ աշխատանք արվելու՞ է այդ անձանց ուղղությամբ, Փայլյանը պատասխանել է․

«Նկատի ունենանք, որ հարյուրամյա լռության մասին ենք խոսում, և արդեն երեք սերունդ է անցել: Սակայն այդ հիշողությունը (նկատի ունի Ցեղասպանության մասին հիշողությունը-Ակունքի խմբ.) դեռ շարունակում է պահպանվել մարդկանց մեջ: Երբ ես Անատոլիայի որևէ շրջան եմ գնում հարյուր հազարավոր մարդկանց եմ հանդիպում, ովքեր թևիցս քաշելով` ասում են` մեծ մայրս հայ է, պապս հայ է, մեր գյուղը հայկական է, և մենք բոլորով իսլամացվել ենք: Կարծում եմ` նրանց թիվը շատ մեծ է: Սակայն այս պատմությունը, այսինքն` հայկական ինքնություն ունեցող մարդկանց` սեփական արմատներին հանգիստ վերաբերվելը կապված է Թուրքիայի ժողովրդավարացման հետ: Որքան Թուրքիան ժողովրդավար դառնա, այնքան նման մարդիկ ավելի խիզախ կերպով, առանց քաշվելու կհայտարարեն իրենց ծագման մասին: Այս առումով, կարծում եմ, որ ժողովրդավարության ուղղությամբ մեր ձեռնարկած քայլերի շնորհիվ հայկական ինքնությունն իրենց հիշողության մեջ պահպանող, սակայն այդ ուղղությամբ քայլ անել չհամարձակվող մարդիկ ևս ավելի խիզախ կդառնան: Կարծում եմ, որ Ստամբուլում մեր հաստատությունները, պատրիաքարանը ևս պետք է քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ: Այստեղ ապրող հայերի համար ինչ-որ բան անելու նպատակով հարկ է ազատվել Թուրքիայի այս ճնշող համակարգից»:

Հարցին, որ հենց վերջերս Հայաստանում ևս, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մի նոր կառավարություն ձևավորվեց: Փայլյանը ի՞նչ է մտածում այդ կառավարության մասին, Կարո Փայլանը պատասխանել է․

«Հայաստան վերջին այցիս ժամանակ առիթ էի ունեցել հանդիպելու «Ելք» դաշինքի ներկայացուցիչների և հարգելի Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ ժամանակ նրանք իրենց համեստ կուսակցություն էին համարում: Սակայն ես նրանց ասացի, որ հետևում եմ իրենց կուսակցական ծրագրին, որը շատ նմանություններ ունի Ժողովրդադեմոկրատական կուսակցության ծրագրի հետ: Նաև ասացի, որ հաստատ հաջողելու են, և որ ես աջակցում եմ իրենց: Սակայն, իրոք, այն ժամանակ անգամ ես չէի սպասում, որ այսքան արագ հաջողության կհասնեն: Այցիցս 6 ամիս անց նրանք Հայաստանում անաղմուկ հեղափոխություն արեցին և չքավորների, ճնշվածների ձայնը փողոցներից, ժողովրդավարական փոփոխության քամով, տեղափոխեցին իշխանության ղեկ: Ծրագրում եմ շուտով, Թուրքիայում ընտրություններից անմիջապես հետո կրկին Հայաստան այցելել և դեմ առ դեմ հանդիպել պարոն Փաշինյանի հետ: