Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան: Կառավարության ղեկավարը եղել է Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերում, Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներում: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, կատարել մոմավառություն:

Հանդիպումների ընթացքում վարչապետն անդրադարձել է Վրաստան կատարած այցի բանակցությունների արդյունքներին, հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին: Ախալքալաքում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: