Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց հավաքված բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները պահանջել են կառավարության հրաժարականը: Ակցիայի կազմակերպիչները իրենց ելույթներում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին կոչ են արել միանալ բողոքի ակցիային:

Ակցիայի մասնակիցները վարչապետին հնարավորություն չեն տվել ավարտել ելույթը, որից հետո Գեորգի Կվիրիկաշվիլին հեռացել է տարածքից: Բողոքի ակցիայի մասնակիցները գոռացել են «Հեռացիր»: Վարչապետի վրա շշեր են նետել և պահակախումբը նրան հեռացրել է հրապարակից:

Ավելի վաղ ակցիայի մասնակիցները գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրաժարականից հետո պահաջել են նրան քրեական պատասխանատվության ենթարկել և իրավապահ, դատական համակարգերի վերակազմակերպում իրականացնել:

Ակցիայի մասնակիցները իշխանություններին 2 ժամ են տվել պահանջների կատարման համար, հակառակ դեպքում նրանք սպառնացել են կտրուկ գործողություններով: Ժամը 22:00 այդ վերջնագրի ժամկետը լրացավ: