ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր այցն Աստանա իրականացրել է էկոնոմ դասի չվերթով. այսուհետ սա է լինելու նոր կառավարության աշխատաոճը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Նա միայնակ է մեկնել, և այս առումով ծախսերը միանշանակ կրճատվելու են։ Պատվիրակության կազմի թիվն էլ պայմանավորված է լինելու միայն ու միայն անհրաժեշտությամբ։ Որևէ մեկն այսուհետ շրջագայության նպատակով արտերկիր չի մեկնելու», - նշել է Աղաջանյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նկատել է, որ որպես աշխատակազմի ղեկավար ինքն է որոշում այդ հարցերը, և եթե փոխվարչապետն էկոնոմ դասով է երթևեկում, ապա բոլոր նախարարները ևս պետք է այդպես երթևեկեն: