Կառավարության հունիսի 1-ի նիստում ընդունվել է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք տրամադրելու համար գիտության և կրթության բնագավառում նշանակալի նվաճումների գնահատման չափանիշները մեղմացնող որոշումը։

Նոր որոշման համաձայն, իջեցվում են կրթական ծրագրի շրջանակում տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները` մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 70-ից մինչև 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 80-ից մինչև 65 բալային միավոր:

Հիշեցնենք, որ 2017թ․-ին ԱԺ-ն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով խստացվում էր տարկետման իրավունք ստանալու հնարավորությունը։ Օրենքով ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով: Որոշումն ուսանողական բողոքի ցույցերի պատճառ դարձավ, ինչից հետո հայտարարվեց, որ տարկետման իրավունք կստանան առանձնակի տաղանդ ունեցող այն ուսանողները, որոնց առաջադիմության ցուցանիշը կկազմի 80 միավոր կամ բարձր։