Հունիսի 1-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար-քննարկում՝ նվիրված ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքին: Քննարկումը կազմակերպվել էր ԵԽ «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի կողմից՝ Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ:

Նշենք, որ ծրագրի այս մասը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ և ԵԽ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակում: Մասնակցում էր 30 դատական ծառայող՝ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քաղաքացիական գործեր քննող դատավորների օգնականները: Բանախոսներն էին՝ Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) փորձագետներ Սերգեյ Մեղրյանը (ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ), Տարոն Նազարյանը (ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր): Քննարկմանը ներկա էր նաև «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը:

Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ օրենսդրության զարգացման հետ կապված բոլոր գործընթացները Ակադեմիայի համար չափազանց կարևոր նշանակություն ունեն, որովհետև անմիջականորեն առնչվում են Ակադեմիայի ունկնդիրների գործունեությանը: Պրոռեկտորը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը, շնորհակալություն հայտնեց ԵԽ երևանյան գրասենյակին, փորձագետներին և մասնակիցներին և հաջող ու արդյունավետ աշխատանք մաղթեց:
ԵԽ «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում կազմակերպվող այս դասընթացները նպատակ ունեն վերհանել և քննարկել ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած գործնական հարցերը:
Վերոնշյալ ծրագրի շրջանակում ապրիլին և մայիսին անցկացված նման քննարկումներին մասնակցել է ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի քաղաքացիական գործեր քննող շուրջ 60 դատավոր, իսկ այս դասընթացը դատավորների օգնականների համար էր: