ՌԴ դատախազության համալսարանի ռեկտոր Օքսանա Կապինուսի հրավերով Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը աշխատանքային այցով Մոսկվայում էր: Ռեկտորը մասնակցում էր ՌԴ դատախազության համալսարանի գիտահետազոտական ինստիտուտի 55-ամյակին նվիրված հանդիսությանը:

Հոբելյանական միջոցառման շրջանակում անցկացված գիտագործնական համաժողովին Սերգեյ Առաքելյանը հանդես է եկել ողջույնի խոսքով: Ռեկտորը շնորհավորել է Համալսարանի աշխատակազմին, ունկնդիրներին և շրջանավարտներին հիշարժան հոբելյանի առթիվ և կարևորել Գիտահետազոտական ինստիտուտի դերը՝ որպես բազմաֆունկցիոնալ հաստատություն՝ համալրված բարձր որակավորում ունեցող կադրերով և ժամանակակից ուսումնամեթոդական բազայով: Ռեկտորը նաև հույս է հայտնել, որ Արդարադատության ակադեմիայի հետ համագործակցությունը կզարգանա՝ նպաստելով կրթական, գիտական և նորարարական ներուժի արդյունավետ կիրառմանը:

Ռեկտորի այցը նշանավորվել է կրթական և գիտահետազոտական գործունեության ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ: Մայիսի 30-ին Սերգեյ Առաքելյանը և Օքսանա Կապինուսը ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ իրավական հիմքերի վրա դնելով Արդարադատության ակադեմիայի և ՌԴ դատախազության համալսարանի միջև համագործակցությանը: