Օրերս Առողջապահության նախարարության թեժ գիծ էր զանգահարել 5 տարեկան երեխայի ծնող և պատմել, որ Նոր Նորքի մանկական ստոմատոլոգիական կենտրոնում հրաժարվել են երեխային պետպատվերով սպասարկել: Նա խնդրում էր վերականգնել երեխայի իրավունքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր ԱՆ Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) փորձագիտական, գնահատման և մշտադիտարկման բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Սարգսյանը: Զանգը փոխանցել էին ՊԱԳ, որտեղից էլ կապվել էին կնոջ մատնանշած կենտրոնի տնօրենի հետ և ճշտել, թե խնդիրը որն է:

«Նա ասաց, որ նոր կարգը սխալ էր հասկացել և ամսվա սկզբից վճարովի էր կատարել բուժումները: Կարգը բացատրելուց րոպեներ անց տնօրենը զանգահարեց և ասաց, որ զանգել են սպասարկված բոլոր երեխաների ծնողներին և ասել՝ եկեք, ձեր վճարած գումարները հետ վերցրեք: Այդ լուրը տարածվեց ծնողների մեջ, ու թեժ գիծ զանգողը կրկին զանգահարեց և շնորհակալություն էր հայտնում զարմացած, որ այդքան մարդկանց վճարած գումարները հետ են վերադարձվում», - գրում է Աշոտ Սարգսյանը:

Պարզելու համար, թե ինչ նոր կարգի մասին է խոսքը և ինչ է այն սահմանում, NEWS.am Medicine-ը դիմեց գրառման հեղինակին:

Աշոտ Սարգսյանը պարզաբանեց, որ դեռևս 2018թ.-ի մարտ ամսին կառավարության կայացած որոշմամբ՝ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին խմբերին մինչ այդ անվճար տրամադրվող ստոմատոլոգիական ծառայությունների գերակշիռ մասը այժմ գործում է համավճարով՝ արտոնյալ պայմաններով: Պետության մասնակցության մասը կազմում է ընդհանուր գնի 6%-ը, իսկ շահառուի կողմից վճարվող համավճարի չափը՝ ընդհանուր գնի 35%-ը: Այս կարգը սահմանվել է «ՀՀ Կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով: Փաստացի նշված դեպքում ստոմատոլոգը վճարը ծնողից վերցրել էր ամբողջությամբ, և վերադարձրել ավել վճարած 65%-ը։

Նախկին կառավարության այս որոշումը հիմնավորվել է հետևյալ կերպ.

«Ծառայությունների պետական պատվերի գները շուրջ կրկնակի ցածր են շուկայական գներից, իսկ բյուջեով նախատեսված միջոցները չեն բավարարում ծառայությունների արժեքը իրատեսական գներով փոխհատուցելու համար: Ծառայությունների կազմակերպման կարգից դժգոհ են ինչպես շահառուները, այնպես էլ` ծառայություններ մատուցողները: Բավարար չէ ծառայությունների մատուցման համար բյուջեով նախատեսված միջոցների ծախսման արդյունավետությունը»:

2018թ. բյուջեով ստոմատոլոգիական օգնության ծրագրի ծախսերը նախորդ տարվա համեմատ կրճատվել են 349,4 մլն դրամով, իսկ երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայությունների համար` 33,4 մլն դրամով: Այսպիսով՝ նախկին որոշման մեջ փոփոխություններ կատարելու միջոցով վերանայվել է շահառուների ցանկը, մատուցվող ծառայությունների փաթեթը և ներդրվել է բժշկական օգնության փոխհատուցման համավճարային եղանակը:

Ըստ դրա՝ շահառու բոլոր խմբերի համար ամբողջությամբ անվճար իրականացվում է 2 ծառայություն միայն՝ ատամի հեռացում և կարիեսի բուժում:

Աշոտ Սարգսյանը նշեց, որ պետպատվերով սպասարկվող ստոմատոլոգիական ծառայությունների ցանկից ընդհանրապես հանվել է բրեկետների տեղադրումը:

«Շատ երեխաներ ծամողական ապարատի այնպիսի խնդիրներ ունեն, որ ուտելիքը տառացիորեն կուլ են տալիս առանց ծամելու: Սա առողջական լուրջ խնդիրների կարող է հանգեցնել»:

ՊԱԳ գլխավոր մասնագետը նախատեսում է ստոմատոլոգների քննարկում հրավիրել և ծառայությունը վերականգնելու նոր որոշում ներկայացնել կառավարությանը: Անվճար տրամադրվող ծառայությունների թվում նա պարտադիր է համարում նաև տարեցների, թոշակառուների պրոթեզների տեղադրումը, հակառակ դեպքում, ըստ նրա, հետևանքները կարող են ավելի թանկ նստել պետության վրա:

Բոլոր դեպքերում Աշոտ Սարգսյանը կոչ է անում տեր լինել մեր իրավունքին՝ ցանկացած հարցի դեպքում զանգահարելով թեժ գիծ 8003 համարով.

«Ձեր զանգերը շատ կարևոր են ոլորտի բարեկարգման համար», - գրում է նա: