ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Եղոյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Արման Եղոյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Ծնվել է 1984 թ. հունիսի 28-ին Երևանում:

1991-2001 թթ. սովորել է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցում: 2001-2005 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:

2005-2007 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

2008թ․-ից՝ հիմնադրման պահից, եղել է «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամ, իսկ 2011թ․-ից՝ համանուն հասարակական կազմակերպության խորհրդի անդամ:

2007-2009թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում:

2010-2013թթ. աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում: 2008-2014 թթ. եղել է բնապահպանական և քաղաքաշինական հիմնախնդիրներով զբաղվող մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների մասնակից:

2013թ․-ից «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման, իսկ 2015թ․-ից՝ համանուն կուսակցության անդամ է: 2013թ. աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող:

2014-2015թթ. սովորել է Եվրոպայի Քոլեջի՝ Վարշավայի համալսարանական ավանում՝ ստանալով եվրոպագիտության մագիստրոսի կոչում:

2016թթ. աշխատել է Թբիլիսիում հիմնված «Ալիք մեդիա» հայ-վրացական լրատվական հարթակում:

2016-2018 թթ. սովորել է Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական Համալսարանի «Մշակութային ժառանգության ակադեմիական հետազոտություն, քաղաքականություն և մենեջմենթ» մագիստրոսական ծրագրում:

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և լեհերեն լեզուներին:

Ամուսնացած չէ»: