Արցախի դատախազությունը քրեական գործ է հարուցել հունիսի 1-ին Ստեփանակերտում Արցախի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ։

«2018թ. հունիսի 1-ին, ժամը 19:15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան-2բ հասցեի դիմաց վիճաբանություն է եղել, մի կողմից, Դավիթ Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից, Մհեր Մուսայելյանի (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի և Վարդան Ղարամյանի (ԱԱԾ աշխատող) միջև, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ 02.06.2018թ. ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Նկատի առնելով հանրության հետաքրքրությունը միջադեպի վերաբերյալ, ԱՀ դատախազությունը նպատակահարմար է գտել հրապարակելու քրեական գործում առկա տեսանյութի` կոնկրետ ծեծկռտուքին վերաբերող հատվածը»: Փոխանցում է «Ազատություն»-ը։

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։ Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, և մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։