Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հետաձգել է Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի շուրջ քննարկումները: Երկրի արտգործնախարարությունը այսօր հայտարարել է, որ Նեթանյահուն ընդունել է իրենց խորհրդատվությունը՝ հետաձգել քննարկումները մինչև Թուրքիայում կայանալիք առաջիկա ընտրություններ, այն հիմնավորմամբ, որ դա հավանաբար կշահարկվի Թուրքիայի նախագահի կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Իսրայելի խորհրդարանը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն, ինչին հետևեց Անկարայի արձագանքը՝ ըստ որի Իսրայելը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, կվնասի ինքն իրեն և կասկածի տակ կդնի Հոլոքոսթի հատուկ կարգավիճակը:

Մայիսի 29-ին Իսրայելի Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը հարցը հանեց օրակարգից․ պատճառն այն էր, որ վստահ չէին, թե մեծամասնությունը կողմ կքվեարկի։

Արդեն մոտ 23 երկիր, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: