2018թ. մայիսի 31-ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ Վրաստանում առաջին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացումը: Նշենք, որ Ախալքալաքում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնման ծրագիրն իրականացվում է ՋԱՀ-ի բարերար Ավետիս Բալոյանի ֆինանսական աջակցությամբ:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամից տեղեկացնում են, որ բացման արարողությանը ներկա են եղել նաև պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կառավարության անդամները:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, ով շնորհավորել է ներկաներին Վրաստանում, մասնավորապես Ախալքալաք քաղաքում առաջին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի բացման առթիվ և շեշտել օրվա պատմական լինելու պահը Ջավախքի և ջավախքցիների համար: Ընդգծելով այն փաստը, որ հիմնադրամն այժմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ի դեմս «ԱրՄաթ»-ի, ծրագրերի նոր մեկնարկ է տվել, նախատեսվում է Ջավախքի բոլոր շրջաններում հիմնել նմանատիպ լաբորատորիաներ:

Ախալքալաքի «ԱրՄաթ» լաբորատորիայում արդեն գրանցվել է շուրջ 160 երեխա, որոնցից 115-ը հաճախում են խմբակի դասընթացներին: Լաբորատորիա-խմբակում աշակերտները ստանում են ծրագրավորման, ժամանակակից ինժեներության և ռոբոտաշինության գիտելիքներ ու հմտություններ: «ԱրՄաթը», միևնույն ժամանակ, ինքնազարգացման և ոչ ֆորմալ կրթության նորարարական հարթակ է: Այն նպաստում է համայնքի տնտեսական զարգացմանը ՏՏ ոլորտում ներդրումների ներգրավման միջոցով, ինչպես նաև դպրոցական կրթությանը զուգահեռ երեխաներին հնարավորություն ընձեռում ձեռքբերել ժամանակակից մասնագիտություն: