Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով:

Հիշեցնենք, որ այս տարվա Մարտի 1-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի գործին կցվի «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին» Փաստահավաք խմբի զեկույցը, ինչպես նաև քրեական գործի շրջանակներում հարցաքննվի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Դատախազությունը, սակայն Փաշինյանի դիմումի միայն մի կետին էր ընթացք տվել, իսկ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու մասով նշել էր, թե դրա համար հիմքեր չկան: Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումում նշել էր այն կետերը, որոնց հիման վրա պետք է հարցաքննվեր Ռոբերտ Քոչարյանը։ Դիմումի մեջ մասնավորապես նշվել է․

«Լսումների ժամանակ պարզվեց, որ Մարտի 1-2-ի գործը քննող քննչական խումբը գործին չի կցել 2008թ․-ի Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված է ՝ բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին: Այսինքն՝ քրեական գործում այս փաստական գործը չի ուսումնասիրվել: Սա մեծ բացթողում է և այս փաստական նյութի ուսումնասիրության արդյունքում շատ լուրջ պատճառահետևանքային կապեր կարող են բացահայտվել: Ես գրել եմ, որ գլխավոր դատախազն ապահովի, որ այդ զեկույցը կցվի քրեական գործին և ուսումնասիրեն:

Երկրորդ կարևոր հանգամանքը, որ պարզվեց լսումների ընթացքում այն է, որ տասը տարի անց նախաքննական մարմինը չի պարզել, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ Մարտի 1, 2-ին քաղաքացիները դուրս են գալիս մեքենաների հետևից և կրակում զինվորների վրա: Այս հայտարարությունը ի՞նչ փաստերի վրա է հիմնված: Գլխավոր դատախազին գրավոր դիմել եմ և պահանջել, որ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվի հարցաքննության և պարզաբանի՝ ինչի հիման վրա է արել այն հայտարարությունը Բաղրամյան 26-ում: Սա կարևորագույն նրբություն է և հանրությունը պետք է իմանա, թե Ռոբերտ Քոչարյանին ով է փոխանցել այդ տեղեկությունը»:

Նիկոլ Փաշինյանի դիմումին արձագանքել էր նաև Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Վերջինս հայտարարել էր, թե Մարտի 1-ի գործով գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն է:

«Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. «Մարտի 1»-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը», - ասել էր Սողոմոնյանը:

ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, պատրաստվում է ամբողջությամբ բացահայտել 10 տարի քնեցված աղմկոտ քաղաքական սպանությունների գործը և պատասխանատվության կանչել բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին: Այս ամսին հայտնում է armtimes-ը։