ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել Արցախի ցուցարարներին դադարեցնել բողոքի ակցիաները և հնարավորություն տալ Արցախի իշխանություններին իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այդ մասին նա նշել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Որևէ կասկած չկա, որ ուժային կառույցների ներկայացուցիչների պահվածքը մտահոգիչ է։ Այս իրավիճակը պետք է կոնկրետ լուծումներ ստանա և շատ կոնկրետ հետևությունների բերի», - ասել է Փաշինյանը, նշելով, որ հետևում է Արցախի իրադարձություններին և կապի մեջ է եղել Բակո Սահակյանի հետ։

Վարչապետը նշել է, թե Արցախի իշխանությունների և ցուցարարների միջև կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռքբերվել։

«Հիմա եկել է մի փուլ, որ ցուցարարները Արցախի նախագահին հնարավորություն տան՝ այդ պայմանավորվածություններն իրականացվեն։ Դրանք պետք է իրագործվեն հանդարտ, ոչ նյարդային պայմաններում, իսկ այժմ ցույցերը խոչընդոտում են։

Ցույցն արվում է, որ հասնեն կոնկրետ պայմանավորվածությունների։ Հիմա կան արդյունքները։

Ըստ էության ցույցը իր նպատակին հասել է, և այժմ գնդակը Արցախի իշխանությունների դաշտում է։ Ճիշտ կլինի, որ հարգելի ցուցարարները գնդակը թողնեն Արցախի իշխանությունների դաշտում, և եթե այդ իրավիճակը չհանգուցալուծվի ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում, նորից կարող են գնդակը ետ բերել իրենց դաշտ, եթե պատկերավոր արտահայտվեմ։ Չեմ ուզում որևէ գնահատականներ տալ կատարվածին, այս պարագայում առավել կարևոր է, որ իրավիճակը հանգուցալուծվի ոչ թե կոնֆլիկտի համաձայնության մթնոլորտում»։

Ըստ Փաշինյանի, համաձայնությունը կայացել է երկար, եղբայրական քննարկումների արդյունքում, և այս հարցում էլ պետք է ցույց տանք հարցերը սիրո և համերաշխությունը լուծելու պատրաստակամությունը։

«Իմ եղբայրական հորդորը՝ ուղղակի Ստեփանակերտում բողոքի գործողությունը դադարեցվի, կամ առնվազն կասեցվի, որ Արցախի իշխանությունները կարողանան ի կատար ածեն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել ցուցարարների հետ։ Համոզված եմ, որ այս իրավիճակը կհանգուցալուծվի համաձայնության մթնոլորտում, և Արցախի ժողովուրդն ու պետությունը դուրս կգան ավելի ուժեղացած», - նշել է Փաշինյանը։