Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն այսօր՝ հունիսի 7-ին, կառավարության որոշմամբ ազատվեց իր պաշտոնից:

Հարցը ներկայացրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Ըստ նախագծի՝ ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Վահրամ Շահինյանին ազատել Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ՝ հունիսի 6-ին Վահրամ Շահինյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, որում նշում էր.

«Հպարտ լինելով ծառայության նշված և մյուս ձեռքբերումների համար` այդուհանդերձ, հարկ եմ համարում հայտնել, որ ստեղծված հանգամանքների բերումով այլևս նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ հետագա ծառայությունը: Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին 5 տարվա համատեղ անձնվեր աշխատանքի համար»: