ՀՀ նախագահի աշխատակազմը 23 թափուր տեղի համար ՀՀ քաղաքացիներից 6537 հայտ է ստացել:

Այս առնչությամբ, տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«Հաշվի առնելով, որ Հանրապետության նախագահի աշխատակազմի ժամանակավոր թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու մասին հայտարարությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել քաղաքացիների շրջանում, հայտնում ենք, որ նախագահի աշխատակազմը 23 թափուր տեղի համար ՀՀ քաղաքացիներից 6537 հայտ է ստացել:

Գոհունակությամբ նշելով այս մասին և վերահաստատելով հրապարակային ու թափանցիկ աշխատելու գործելակերպը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմը վստահեցնում է, որ ուղարկված բոլոր հայտերն առանց բացառության ուսումնասիրվելու են, իսկ ընտրությունը կատարվելու է բաց, թափանցիկ գործընթացներով և բացառապես օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերով:

Ներկայումս ամփոփվում են ստացված հայտերը: Պաշտոնի անձնագրերով սահմանված պահանջներին չհամապատասխանող անձանց տվյալները կընդգրվեն Հանրապետության նախագահի աշխատակազմի կադրերի շտեմարանում՝ հետագայում հնարավորության դեպքում թեկնածությունները կրկին դիտարկելու համար»: