Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրում «Բջնի-ամրոց» պետական արգելոց կստեղծվի: Եվս մեկ «Սմբատաբերդ» պետական արգելոց կստեղծվի նաև Վայոց ձորի մարզի Եղեգիս բնակավայրերում: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 8-ի նիստի օրակարգում:

«Բջնի-ամրոցի» տարածքը կկազմի 1,51 հեկտար, իսկ «Սմբատաբերդինը»՝ 2,35 հեկտար: Պատմամշակութային արգելոցների պահպանման և շահագործման ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ արգելոցների ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք հանդիսանում են հանրապետական նշանակության հուշարձաններ և ընդգրկված են պետական ցուցակում:

«Որոշումը բխում է նաև «Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020թթ․-ի ռազմավարական ծրագրից: Միաժամանակ, արգելոցների ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին», - նշվում է հիմնավորման մեջ: