Անապահով ընտանիքների համար էլէկտրաէներգիայի սակագինը 10 դրամով կարող է նվազել հենց հուլիսի 1-ից: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Նրա խոսքով, իրենք ուսումնասիրություն են իրականացրել, որ պարզեն, թե արդյոք հնարավոր է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել, թե ոչ:

«Ես վարչապետին զեկուցեցի, որ այսօրվա իրավիճակում ՀՀ-ում էլէներգիայի սակագինը վերանայելու համար կան ռիսկեր, որոնք պետք է քննարկենք դրանք, նոր սակագին փոխենք», - ասաց նախարարը՝ հավելելով, որ հնարավորություն կա, որ այսօր անապահով ընտանքիների համար, որոնց թիվը 110-120 հազար է, 10 դրամով իջեցնենք էլեկտրաէներգիայի սակագինը:

«Այսօրվա սակագնով անապահով ընտանիքները ցերեկային ժամերին մեկ կվտ-ի համար վճարում են 40 դրամ, իսկ գիշերային ժամերի համար 30 դրամ: Նվազեցնելու դեպքում ցերեկային սակագինը կդառնա 30 դրամ, իսկ գիշերայինը՝ 20 դրամ: Եթե վերջնական որոշում կայացվի, դա հնարավոր կլինի անել հենց հուլիսի 1-ից», - ընդգծեց Արթուր Գրիգորյանը:

Հարցին, թե ի՞նչ մեխանիզմով է իրականացվելու սակագնի նվազեցումը, նախարարը պատասխանեց. «ՀԷՑ-ի հետ ունեցած բանակցությունների արդյունքում է, որ ՀԷՑ-ը պարտավորվել է իր շահույթի հաշվին, առանց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ քննարկման նվազեցնեն այդ գումարները: Խոսքը շուրջ երկու մլրդ դրամի մասին է մեկ տարվա ընթացքում: Սակագները մենք չենք որոշում, ՀԾԿՀ-ն է որոշում, իսկ մեզ հետ քննարկվում է, թե ինչպիսի վիճակում է էներգետիկ համակարգը, և ինչ ռիսկեր կան այդ առումով: Որոշում կայացնողը մենք չեն»:

Նախարարը դժվարացավ պատասխանել, թե ինչու ավելի շուտ սակագինը չէր նվազեցվում, եթե կար դրա հնարավորությունը:

Արթուր Գրիգորյանը չբացառեց, որ եթե էլեկտրաէներգիայի սակագնի ուսումնասիրությունների արդյունքում կոռուպցիոն երևույթներ բացահայտվեն, հնարավոր լինի նվազեցնել սակագինը նաև բոլոր մյուս սպառողների համար: «Պետք է հասկանանք, նոր»: