Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում Ալ-Քուդսի օրվա կապակցությամբ զանգվածային հակաիսրայելական ցույցեր են ընթանում:

«ԻՐՆԱ»-ի փոխանցմամբ՝ Ալ Քուդսի միջազգային օրը նշվում է 1979թ․-ից. այն հռչակել է Իրանում իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խոմեյնին: Օրը նշվում է լուսնային օրացույցով Ռամադանի վերջին ուրբաթ օրը: Այդ օրը Իրանում և այլ երկրներում հակաիսրայելական ցույցեր ու ակցիաներ են իրականացվում:

Ավելի քան 5.3 հազար լուսանկարիչ և լրագրող, այդ թվում նաև՝ 150 օտարերկյա լրագրող, լուսաբանում են միջոցառումն ավելի քան 900 իրանական քաղաքներում: Այս տարի հանրահավաքները անցկացվում են «Դիմադրության ճակատի հաղթանակը, ԱՄՆ-ի և Իսրայելի թշնամական գործունեության ջախջախումը, Պաղեստինի վերադարձը» կարգախոսի ներքո: Հանրահավաքի մասնակիցները պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները դատապարտող կարգախոսներ են հնչեցնում: