Հունվար-մայիս ամիսներին ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ԱՀ ՀԾՏՄԿՊ) կողմից դիտարկված և համեմատված 80 ապրանքատեսակներից 16-ի միջին գները աճել են, 24-ինը՝ նվազել և 40-ինը մնացել անփոփոխ կամ տատանվել 1 տոկոսի միջակայքում: Փոխանցում է «Արցախպրեսս»-ը։

Այս մասին հունիսի 8-ին կայացած ԱՀ ՀԾՏՄԿՊ նիստի ժամանակ հայտնել է հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը` մանրամասնելով, որ առավել մեծ գնաճ արձանագրվել է դիզվառելիքի, տավարի մսի, թառափ ձկան համար 17-20 %, ռեգուլյար և պրեմիում բենզինի համար 8.9 և 9.3 %:

«Վերջերս գնաճ արձանագրվել է նաև ծխախոտի իրացման ոլորտում: Թանկացումը տարբեր տեսակների համար կազմել է 6.3-ից մինչև 10%, որը պայմանավորված է ՀՀ հարկային օրենսգրքում ակցիզային հարկի դրույքաչափի ավելացմամբ: 13-20 % գնահատում արձանագրվել է ոսպի, տնական պանրի, հավի ձվի, սեղմված գազի և հնդկաձավարի համար, մինչև 6 % նվազել են ձավարի, ալյուրի, կարագի, շաքարի, շաքարավազի գները, ինչպես նաև նվազել են սեզոնային բնույթ կրող ապրանքատեսակների՝ միրգ-բանջարեղենի գները: Գնահատումը տարբեր ապրանքատեսակների համար կազմել է 16.7 %-ից մինչև 80 %: Մենք համադրել ենք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից ներկայացված գները և կարող ենք ասել, որ ներմուծված ապրանքատեսակների մասով համարժեք փոփոխություններ եղել են նաև ՀՀ-ում», - ավելացրել է Ս. Գրիգորյանը: