Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյան կատարել է նշանակումներ հայեցողական պաշտոններում:

Մարզպետի խորհրդական է նշանակվել Վանիկ Սերոբյանն, ով մինչ այս արդեն մոտ 9 տարի աշխատել է մարզպետարանում՝ զբաղեցնելով տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը։

Օգնականի հայեցողական պաշտոնը ստանձնել է Էմմա Պալյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Վերջինս ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժինը ու աշխատում է Araratnews.am կայքում։ Աշխատանքից ազատվել են օգնականներ, ՀՅԴ անդամ Թաթուլ Մանուկյանը և Արմեն Պետրոսյանը: Աշխատանքից ազատվել են նաև խորհրդականներ Հասմիկ Կիրակոսյանը և Սևակ Հայրումյանը:

«Այս պաշտոնները հայեցողական են և իրենք իրավունք չունեն չզիջելու և մարզպետի փոխվելու հետ ես միանգամից կարող եմ նշանակում կատարել: Քննարկում չեմ ունեցել օգնականի հետ՝ միանգամից ազատել եմ աշխատանքից և Էմմա Պալյանն է նշանակվել: Դեռ 1 թափուր տեղ կա օգնականի և իսկ խորհրդականը՝ Վանիկ Սերոբյանը նշանակվել է խորհրդական թափուր տեղի մասով: Վանիկ Սերոբյանին գիտեի մինչ այստեղ գալը, ինքն էլ 9 տարի աշխատել է մարզպետարանում, այնպես որ որպես խորհրդական լավ գիտի ինչ է այստեղ կատարվել: Հաջորդ շաբաթվա ընթացքում կլինեն նոր նշանակումներ՝ շատերը կազատվեն աշխատանքից ՝ իրենց դիմումների համաձայն», - նշեց մարզպետը:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը տեղեկացրեց, որ նոր փոփոխություններ ևս կլինեն: Փոխանցում է «Արմենպրես»-ը։

Քաղաքացիների ընդունելությունից մարզպետը պարզել է, որ շատ են խնդիրներն ու բողոքները: Ոչ մի բողոք ըստ մարզպետի անպատասխան չի մնա:

«Շատ տարբեր խնդիրներով են դիմում՝ բնակարանային խնդրից սկսած մինչև բողոքներ դպրոցներից: Բողոքներ կան կրթական և առողջապահական ոլորտներից: Դիմում են նաև դրամական աջակցության խնդրանքով: Բողոքները շատ-շատ են ու տարբեր տեղերից», - նշեց մարզպետը:

Մինչ այս արձանագրված բոլոր չարաշահումներն ըստ մարզպետի կպատժվեն:

«Առաջ չընկնելով հիմա չեմ հրապարակում, բայց ասեմ, որ բացահայտումներ կան առողջապահական և կրթական ոլորտներում: Ուժային կառույցների հետ այս հարցերով աշխատում եմ, բոլոր այն չարաշահումները, որոնք այս ընթացքում բացահայտվելու են ընթացք կստանան», - նշեց Կարեն Սարուխանյանը: