Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում հունիսի 8-ին, 6-րդ գլխավոր վարչություն է հրավիրվել Երևանի բնակիչ, 62-ամյա Ա. Բ.-ն:

Վերջինս իրավապահներին հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, 68-ամյա Ն.Դ.-ն օգտագործել է իր պաշտոնեական դիրքը և կատարել մի շարք չարաշահումներ: Փոխանցում է Shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով, Ա.Բ.-ն 10 տարուց ավելի ձևակերպված է եղել նշված կենտրոնում որպես ավտոմեխանիկ, ինչի համար նա ամեն ամիս պետք է ստանար 57 հազ. դրամ աշխատավարձ: Ա.Բ.-ն նաև հայտնել է, որ տարիներ շարունակ ինքը աշխատավարձ չի ստացել, և այն կուտակվելով, դարձել է մոտ 7 մլն դրամ, որը նույն կենտրոնի հաշվապահ Լ.Խ.-ի միջոցով փոխանցվել է Ն.Դ-ին:

6-րդ գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նման եղանակով Ն.Դ-ի կողմից յուրացվել են կենտրոնում ձևակերպված 25-ից ավելի քաղաքացիների աշխատավարձերը: Ն.Դ.-ն կենտրոնի շինարարական աշխատանքների և բժշկական օգնության ծառայությունների համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները ևս կասկածելի եղանակով յուրացրել է:

6-րդ գլխավոր վարչության ծառայողները պարզում են պետությանը պատճառված վնասի չափը: Փաստի առթիվ նյութեր են նախապտրաստվում:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով, Ն.Դ.-ն առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանն է: